Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը. Տրդատ 3-րդի գահակալությունը

Տրդատ 3-ը ծնվել է 287թ. և մահացել է 330թ.: Նա եղել է հայ Արշակունի արքա։ Պատմաբան Մովսես Խորենացին նրան բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո (ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը) նախարար Արտավազդ Մանդակունին փախցրել է Հռոմ: Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում, վայելել է Ավրելիանոս, Տակիտոս, Պրոբոս և Կարոս կայսրերի հովանավորությունը:

Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում: Տրդատը Հռոմեական կայսրությունում գտնվելիս ըմբշամարտի ասպարեզում հաղթել էր օլիմպիական խաղերում։ Ամենահիշարժանը 276թ. նրա հաղթական մենամարտն էր գոթերի իշխանի նկատմամբ։ 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ 3-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ 3-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Երբ Տրդատը Բարձր Հայքում էր, նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիգորը ցանկանում էր հատուցել իր հոր ՝ Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Գրիգորը թաքցնում էր Տրդատից, որ ինքն Անակի որդին է և որ ընդունել է քրիստոնեությունը։ Տրդատ թագավորը Եկեղյաց գավառում ՝ Անահիտ Աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է, որ Գրիգորը արարողությանը չի մասնակցում։

Իմանալով, որ նա քրիստոնյա է ու Անակի որդին, Տրդատ 3-ը հրամայում է նրան փակել բերդի ստորգետնյա բանտում ՝ Խոր Վիրապում։ Գրիգորն այդտեղ մնում է 13 տարի։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով ՝ Հռիփսիմյանց կույսերը հասնում են Հայաստան։ Տրդատը, տեսնելով Հռիփսիմե կույսին, սիրահարվում է նրան։ Սակայն Հռիփսիմեն մերժում է արքայի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի և մյուս կույսերի նահատակության պատճառը։ Այդ ամենը խորապես ցնցում է Տրդատին և նա ծանր հիվանդանում է։ Տրդատի քույր ՝ Խոսրովադուխտին տեսիլք է երևում, որ Տրդատին և նրա հետ հիվանդացած մարդկանց կարող է բուժել միայն Գրիգորը։ Տրդատը հրամայում է նրան բանտից ազատ արձակել։ Խոր Վիրապից դուրս գալով ՝ Գրիգորը բուժում է թագավորին ու պալատականներին և սկսում է կատարել քրիստոնեական քարոզչությունը։

Տրդատը բազուն սխրագործություններ է կատարում ինչպես Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանելիս, այնպես էլ Պարսկաստանի սահմաններում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա-հռոմեական հարաբերությունները, որոնք հանգեցրին պատերազմի։ 296թ. պարսից զորքը, Հյուսիսային Միջագետքում հռոմեական բանակին պարտության մատնելով, ներխուժում է Հայաստան։ 297թ. Բասեն գավառի Ուխա գյուղի մոտ հայ-հռոմեական միացյալ ուժերը ջախջախում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա Հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։ 298թ. Մծբինում կնքվում է հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագիրը։ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը։ Տրդատ 3 Մեծը վերջնականապես հաստատվում է հայոց գահին։

Leave a comment