Թեմա 11. Ավատատիրության հաստատումը և Քրիստոնեության ընդունումը․

ա/ Ավատատիրության ձևավորումը Հայաստանում

Ավատականացման միտումներ Հայաստանում նկատվում էին դեռևս մեր թվականության առաջին դարերում, սակայն ավատատիրության հաղթանակի հետևանքով IV դ. սկզբներից մեր հայրենիքում կարևոր վերափոխություններ են կատարվում թե’ տնտեսության և թե’ կրոնի ու պետական կառուցվածքի մեջ: Ավատականացման հետևանքով ձևավորվեցին ազատների և անազատների դասերը: Եթե մինչ ավատատիրության հաղթանակը գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, ապա դրանից հետո ազատ համայնականներն աստիճանաբար վերածվեցին անազատների: Այժմ նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք:

Շինական գյուղացիներից և մշակ-ստրուկներից ձևավորվեց անազատների դասը: Երկրի ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից ձևավորվեց ազատների դասը: Ազատների դասի մեջ էին մտնում աշխաիհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից որպես ուտեստ հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և այլք: Քրիստոնեական եկեղեցին արագ վերածվեց ավատատիրական կառույցի, իսկ հոգևորականները, վերածվելով ավատատերերի, լրացրին ազատների դասը: Վերջինս ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելուց:

բ/ Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն

Քրիստոնեության ընդունումը Հայաստանում տեղի է ունեցել 301 թվականին։ Դա հայ ժողովրդի պատմության մեջ մի դարակազմիկ իրադարձություն էր։ Տրդատ Գ Մեծ Արշակունին աշխարհում առաջինը ճանաչեց քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն:

Հայոց եկեղեցին սովորաբար վարդապետական անվան կիրառում չի ունեցել. այն կոչվել է Հայաստանյայց, Հայոց կամ Հայ անունով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածվում են որպես պատվանուն։ «Առաքելական» անունով այն տարբերվում է Մերձավոր Արևելքիքրիստոնեական մյուս եկեղեցիներից:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ վերագրավելու իր հոր գահը, ճանապարհին՝ Եկեղյաց գավառի Երիզա ավանում, գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Հայոց արքան այդ ժամանակ տեղեկանում է նաև, որ Գրիգորը իր հայր Խոսրովին սպանող Անակ իշխանի որդին է։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը, որ սահմանված էր մահապարտների համար։

Leave a comment